2008թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 13-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը և «Հենակետ» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպում են «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց/դասընթացներ։
«Արարատ» կենտրոնի նմանատիպ կրթական ծրագիրը հաջողությամբ անցկացվեց 2008 թ. ամռանը։ Ամառային դպրոցի աշխատանքի մասին բազմաթիվ նյութերին, ներառյալ ԶԼՄ լուսաբանումը, կարող եք ծանոթանալ www.dproc.net կայքում։
Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացումը:
Առաջարկվող դասընթացներն են.
- Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցերը։
- Ազգային ինքնություն և ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։
- Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
- Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում։
- Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
- Առաջնորդական ներուժի զարգացում։
Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։
ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է։
Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։
Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի իմացությունը։
- Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
- Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
- Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
- Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։
Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել dproc@henaket.org էլ-փոստի հասցեով մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ։
Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։
Pingback: Announcement « Realarmenia’s Weblog
http://ahousekeeper.livejournal.com/345530.html
Նամակ ՀՀ զանգվածային լրատվության միջոցներին
Այս նամակը՝ ՀՀ ու Արցախի իրականությանը համապատասխանող քարտեզի հետ հանձնվելու է ամենախոշոր ու ազդեցիկ հայկական թերթերին ու հեռուստաընկերություններին։ Եթե ցանկանում եք ստորագրել նամակի տակ, խնդրում եմ մեկնաբանություններում նշել ձեր անուն ազգանունը, կամ էլ ուղարկեք ինձ երկտողով «ինբոքսի» վրա։ Խնդրում եմ թեման չքաղաքականացնել։
* * *
Հայաստանի Հանրապետության
զանգվածային լրատվության միջոցների
ղեկավարներին և աշխատակիցներին
Հայրենակիցներ,
սույն թվականի դեկտեմբերի 9-ին Արցախի երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին՝ կոչ անելով ՀՀ հեռուստակայանների կողմից հեռարձակվող եղանակի տեսության քարտեզներից հանել վաղուց արդեն պատմության գիրկն անցած ԼՂԻՄ պատկերն ու փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով։
Արցախյան պատերազմում հրադադարի ստորագրումից 14 տարի անց ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն փաստը, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններ ընդգրկված են ներկա ԼՂՀ կազմի մեջ, այնտեղ մշտական բնակություն են հաստատել հազարավոր մեր հայրենակիցներ, մյուս կողմից այդ իրականությունը չի արտացոլվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցներում. հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում, թե պարզապես գովազդներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ընդհանրապես չի պատկերվում քարտեզի վրա կամ էլ, լավագույն դեպքում, ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով։ Ավելին՝ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։
Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն ու ԶԼՄ-ներն ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլև բացեիբաց հավակնում են նույնիսկ ՀՀ տարածքին։ Օրինակ՝ սույն թվականի հոկտեմբերի 31 ադրբեջանական day.az լրատվական կայքը՝ գրելով երկրի տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսթաֆայևը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»։ Նմանատիպ հայտարարությունների հանդիպում ենք նաև Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադրամի կայքում։
Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից ու համառորեն անտեսում են ազատագրված տարածքում ապրող մեր հայրենակիցների շահերը՝ ակամա սատարելով ադրբեջանական քարոզչական մեքենային՝ հայության դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմում։ Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց։ Ավելին՝ ազատագրված տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանների բնակչության կյանքն ու առօրյան գրեթե չեն լուսաբանվում ՀՀ ԶԼՄ-ների կողմից։
ՀՀանրապետության տեղեկատվական դաշտում ստեղծված իրավիճակը համարելով անընդունելի և գիտակցելով այն բացառիկ դերը, որ կատարում են զանգվածային լրատվության միջոցները այդ դաշտի ձևավորման գործում, կոչ ենք անում.
• չխուսափել ԼՂՀ ներկա իրական ու ԼՂՀ սահմանադրությունով ամրագրված սահմանները պատկերելուց.
• ավելի հաճախ ու առավել մանրամասն լուսաբանել ազատագրված տարածքի բնակչության կյանքը, անդրադառնալ մեր հայրենակիցների խնդիրներին.
• կրթել ու տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակության մասին։
Հաշվի առնելով խնդրի լրջությունը նաև խնդրում ենք բոլոր ԶԼՄ-ներին՝ անկախ կուսակցական ու քաղաքական շահերից, զերծ մնալ այս հարցի ներքաղաքական շահարկումից ի օգուտ համազգային շահի։
վաղուց ժամանակն է: